Սկիզբը՝ այստեղ
Առաջին հայացքից ճանապարհը ճանապարհ է։ Երկաթուղին՝ երկաթուղի, էլեկտրագիծը՝ էլեկտրագիծ, օպտիկամանրաթելային մալուխը՝ պարզապես կապի միջոց։ Բայց ժամանակակից աշխարհում այդպես չէ։ Պետության համար ճանապարհը կարող է լինել նաև ռազմավարական լծակ, երկաթուղին՝ հաղորդակցության կենսական ուղի, էներգետիկ գիծը՝ ազգային անվտանգության բաղադրիչ, իսկ կապի մալուխը՝ երկրի թվային ինքնիշխանության մի մասը։ Ահա թե ինչու TRIPP-ը պետք է դիտարկել ոչ միայն որպես տրանսպորտային ծրագիր, այլ որպես մի ամբողջ համակարգ, որը տասնամյակներով կարող է գործել Հայաստանի հարավում։ Եվ հենց այստեղ են սկսվում այն հարցերը, որոնց մասին քիչ է խոսվում։
Առաջին վտանգը կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգությունն է։ Կրիտիկական ենթակառուցվածքներ ասելով նկատի ունենք այն համակարգերը, որոնց բնականոն աշխատանքից կախված են պետության և հասարակության կենսական գործառույթները՝ էներգամատակարարումը, կապը, տրանսպորտը, տվյալների փոխանցումը և այլ կենսական ծառայություններ։ Եթե Սյունիքով անցնելու են ոչ միայն մեքենաներ ու գնացքներ, այլև էներգետիկ և կապի ենթակառուցվածքներ, ապա դրանց անվտանգությունը դառնում է ազգային անվտանգության հարց։
Ենթադրենք՝ որևէ ճգնաժամի պայմաններում վնասվում է կապի համակարգը։ Կամ խափանվում է էներգետիկ հանգույցը։ Կամ կիբեռհարձակման հետևանքով ժամանակավորապես անջատվում են թվային ծառայություններ։Ո՞վ է պատասխանատու լինելու։Ո՞վ է վերահսկելու համակարգերը։Ո՞վ է ունենալու տեխնիկական հասանելիություն։Ո՞վ է որոշելու, թե ինչ տեղեկատվություն է հասանելի օպերատորին, իսկ ինչը՝ ոչ։Սրանք արդեն ոչ թե ճանապարհաշինական, այլ ազգային անվտանգության հարցեր են։
Մասնագետներն ասում են, որ որքան ավելի շատ են պետությունները կապվում թվային ու տեխնոլոգիական համակարգերով, այնքան մեծանում է նաև փոխկապակցված ռիսկը։ Էներգետիկան, կապը և տվյալները մեկուսացված ոլորտներ չեն։ Դրանցից մեկի խափանումը կարող է ազդել մյուսների վրա։ Հետևաբար վտանգավոր կլինի ենթադրել, թե ենթակառուցվածքների միջազգայինացումը ինքնաբերաբար նշանակում է դրանց անվտանգությունը։ Այստեղ պետք է ոչ թե վախենալ տեխնոլոգիայից, այլ նախապես սահմանել՝ ով ինչի նկատմամբ ինչ իրավունք ունի։
Պաշտոնական փաստաթղթերը Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը պահպանում են։ Սա կարևոր հանգամանք է: Բայց նույնքան կարևոր է հասկանալ, թե այդ ինքնիշխանությունն ինչպես է աշխատելու առօրյա իրավիճակներում։ Օրինակ՝ եթե Հայաստանի անվտանգության մարմինները որոշեն որևէ բեռ լրացուցիչ ստուգել, մեքենան կանգնեցնել կամ երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակել անվտանգության նկատառումներով, ի՞նչ է լինելու։ Հայաստանը կկարողանա՞ ազատորեն իրականացնել իր օրենքները, թե՞ ամեն նման քայլ կարող է ներկայացվել որպես «անխոչընդոտ հաղորդակցության» սկզբունքի խախտում։ Սա հենց այն սահմանն է, որտեղ թղթի վրայի «լիարժեք ինքնիշխանությունը» կարող է բախվել գործնական քաղաքական ճնշման հետ։ Սա «ինքնիշխանության թակարդ» չէ՞: Խոսքը միայն տարածքը կորցնելու մասին չէ։ Խոսքը կարող է լինել մի իրավիճակի մասին, երբ պետությունն իրավականորեն պահպանում է իր իրավունքը, բայց այդ իրավունքի օգտագործումը յուրաքանչյուր անգամ վերածվում է միջազգային կամ քաղաքական խնդրի, հնարավոր է նաև՝ սկանդալի։
Երրորդ խնդիրը՝ աշխարհաքաղաքական ռիսկն է։ Սյունիքը պարզապես Հայաստանի հարավը չէ։ Այն Հայաստանի հարավային դարպասն է, Իրանի հարևանությամբ գտնվող ռազմավարական տարածք։ TRIPP-ի շուրջ արդեն իսկ ձևավորվել է միջազգային մրցակցության պատկեր։ ԱՄՆ-ը ծրագրի մեջ տեսնում է իր տնտեսական և ռազմավարական ներկայությունը մեծացնելու հնարավորություն։ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց հայտնի շահերը։ Իրանը զգուշանում է իր սահմանների մոտ նոր արտաքին ներկայությունից։ Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել իր ազդեցության փոփոխության նկատմամբ։ Չինաստանն էլ հետևում է այն ուղիներին, որոնք կարող են փոխել Արևելք-Արևմուտք առևտրային կապերի դասավորությունը։ Այս պայմաններում մի պարզ հարց է առաջանում․ իսկ եթե մեծ խաղացողների հարաբերությունները փոխվեն, ի՞նչ կլինի Հայաստանի հետ։ Այսօր գործընկերը կարող է վաղը դառնալ մրցակից։ Տնտեսական ծրագիրը կարող է ձեռք բերել անվտանգային նշանակություն։ Այսօր խաղաղության ճանապարհ անվանվող ենթակառուցվածքը կարող է վաղը հայտնվել աշխարհաքաղաքական հակամարտության կենտրոնում։ Հենց այդ պատճառով Հայաստանի համար ամենակարևոր խնդիրը պետք է լինի ոչ թե որևէ մեկ մեծ տերության հետ «ճիշտ կողմում» կանգնելը, այլ սեփական անվտանգության այնպիսի համակարգ ստեղծելը, որը կաշխատի անկախ նրանից, թե աշխարհում ով ում հետ է վիճում։
Չորրորդ խնդիրը՝ տնտեսական խոստումների իրական արժեքն է։Եթե TRIPP-ը մեզ խոստանում է ներդրումներ, աշխատատեղեր, տարանցիկ եկամուտներ և տնտեսական ակտիվություն, ապա շատ լավ։ Բայց այդ ամենը պետք է չափելի լինի։ Մենք պետք է կարողանանք այդ ճանապարհներով ոչ միայն ուրիշներին իրար կապել, այլև ինքներս հասնել աշխարհին։ Եթե այն նվազեցնում է պատերազմի հավանականությունը և մեծացնում Հայաստանի միջազգային տնտեսական կշիռը՝ դա պետք է ողջունել։ Բայց եթե ճանապարհի մյուս կողմում հայտնվում են այնպիսի ռիսկեր, որոնք կարող են սահմանափակել Հայաստանի որոշումների ազատությունը, խոցելի դարձնել կենսական ենթակառուցվածքները կամ Սյունիքը վերածել մեծ տերությունների մրցակցության առաջնագծի, ապա արդեն պետք է կանգ առնել և հանգիստ հաշվել՝ ի՞նչ պայմաններով է այն լավ Հայաստանի համար, և ինչո՞ւ նախ չչեզոքացնել վտանգները, հետո միայն մտնել «թրիփյան խաղի» մեջ ու հաշվել շահույթը։ Բայց եթե պարզվի, որ հայ ժողովրդի անվտանգության հաշվին պետք է լուծվեն ուրիշների հաղորդակցական, տնտեսական կամ աշխարհաքաղաքական խնդիրները, ապա այդպիսի ծրագիրը պետք է, առանց ավելորդ պաթոսի, ուղարկել այնտեղ, ուր ուղարկվում են վտանգավոր ու վատ հաշվարկված գաղափարները՝ միայն աղբարկղ։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ